Սովորել է Քյոլնի և Հայդելբերգի համալսարաններում։ 1933-1947 թվականներին եղել է տարագրության մեջ (Ֆրանսիա, Մեքսիկա)։ Աննա Զեգերսի անդրանիկ ստեղծագործությունները՝ «Կնորսների ապստամբությունը» (1928), «Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակենտրոնացման ճամբարից, արտացոլված է Գերմանիայի հայրենասերների անկոտրում հավատը գերմանական ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․ 1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատումներում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է տվել Գերմանիայի բաժանումը երկու մասի։ Զեգերսը սոցիալիստական ռեալիզմի վարպետներից է։ Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմանական ակադեմիայի անդամ է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՀ-ի ազգային մրցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ) և ԳԴՀ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով։
1967 թվականին եղել է Հայաստանում, Դիլիջանում գրել է «Իսկական կապույտը» պատմվածքը[7]։
Зегерс Анна // Большая Советская Энциклопедия, 3-е издание
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 680)։